Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործում որպես մեղադրյալ կալանավորված, ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակված  Արթուր Գեւորգյանի մայրը` Հասմիկ Սահակյանը, հարցաքննության է կանչվել հատուկ քննչական ծառայություն:  Այս մասին այսօր` հունիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գեւորգյանը` նշելով, որ  հավանաբար, մորը հարցաքննության են կանչել` կապված նախագահին, ոստիկանապետի եւ ՀՔԾ պետին ուղղված նամակի հետ, որով նա խնդրել է միջադեպի արդար քննություն ապահովել. «Հարցաքննության է կանչվել, երկուշաբթի ենք գնալու»:

Նշենք, որ Արթուր Գեւորգյանի եւ Գորիսի ոստիկանապետի  միջեւ առերեսում է եղել:

Հիշեցնենք, որ ըստ` ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: