Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բռավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մանուկյանը նախկինում դատապարտված է եղել զորամասը երեք անգամ ինքնակամ լքելու  համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 361 հոդվածի 1-ին մասով` Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը:

Դատարանը Էդգար Մանուկյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 6 ամիս ժամկետով  կարգապահական գումարտակում պահելու,  Էդգար Մանուկյանը պատիժը կրել է ՀՀ ՊՆ կարգապահական գումարտակում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բռավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է  տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգարը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը՝  կալանավորվել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Ըստ ոստիկանության՝ ավազակային հարձակման նպատակով Հրաչյան ու Էդգարը լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:

Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լեւոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը եւ նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մանուկյանը: