Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն այսօր՝ հունիսի 18-ին, ընդունել է Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնին, ով Արցախ էր ժամանել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ։

ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային եւ դրա հետեւանքներին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Երկուստեք ընդգծվել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելելու կարեւորությունը՝ ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու եւ այն ճիշտ գնահատելու համար։