Գյումրիում աշնանը սպասվող քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրել է կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, Եվրոպայի չեմպիոն Արմեն Բադեյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը` շեշտելով, որ նա նախնական թեկնածուն է:
Մեր տեղեկություններով, թեկնածուն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանը, ինչին դեմ են իր կուսակիցները եւ չի բացառվում, որ առաջիկայում նրան փոխարինեն այլ թեկնածուով:
Մեր հարցին` այս թեկնածուն մրցունա՞կ է, հաշվի առնելով, որ Գյումրում քաղքապետի ընտրությունները թեժ են լինելու, քանի որ գրեթե բոլոր առանցքային կուսակցությունները մասնակցելու են, Զոհրաբյանը պատասխանեց. «Ինչ առումով պետք է մրցունակ լինի, իհարկե կրիմինալի, մարդ առեւանգելու, բեսպրեդելի առումով ոչ, մրցունակ չէ, զսպվածության, ապագայի հանդեպ իր տեսլականով մրցունակ է: Գյումրիում ծնված մեծացած, քաղաքի խնդիրներին ծանոթ թեկնածու է»:
Դիտարկմանը, թե առանց Ծառուկյանի ի՞նչ ակնկալիքներ ունեն` հաշվի առնելով, որ նախկինում Ծառուկյանը ֆինանսական լուրջ միջոցներ ծախսելով մեծ ընտրազանգված ուներ, արձագանքեց. «Իհարկե, դժվար է լինելու, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ Ծառուկյանի բրենդը, դա ուրիշ բրենդ էր, բոլորս էլ հասկանում ենք, որ Ծառուկյանով ԲՀԿ-ն ամենահզոր քաղաքական միավորն էր, բայց ես կրկնում եմ` նաեւ Ծառուկյանի դրած հզոր արմատուրայով էսօր Բարգավաճ Հայաստանը դաշտի մրցունակ քաղաքական ուժերից է, առանց Ծառուկյանի շատ դժվար է լինելու, բայց ես տեսնում եմ լուրջ ռեսուրս ՏԻՄ ընտրություններում լուրջ արդյունքներ արձանագրելու համար»:





























