Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին կմասնակցի նաեւ «Լուսավոր Հայաստանը», սակայն դեռեւս թեկնածու չունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք ունենք թեկնածուներ, ուղղակի հիմա քննարկում ենք` ով կգլխավորի ցուցակը, երբ կավարտենք քննարկումները, նոր կհրապարակենք անունը: Վանաձորում էլ ,Գյումրիում էլ մասնակցելու ենք»,-ասաց Մարուքյանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է որոշել Վանաձորում հենց իր եղբոր` Քրիստ Մարուքյանի թեկնածությունը առաջադրել, չկա՞ր այլ թեկնածու, պատգամավորը պատասխանեց. «Իմ եղբոր թեկնածությունը ես չեմ առաջ քաշել, ես ոչ մեկի թեկնածությունը առաջ չեմ քաշել, կա գործող թիմ… եղբորս թեկնածությունը 2012-ից եղել է, էլի մարդիկ կան, որ կարող են լինել, ով շատ հնարավորություն ունի ձայն հավաքելու, նա էլ կառաջադրվի, ուզում է եղբայրս լինի, ընկերս, թե հորեղբորս տղան»:
Չի բացառվում, որ կուսակցությունը միավորվի որեւէ ուժի: Մարուքյանն ասաց` պատրաստ են քննարկել, սակայն դեռ որեւէ առաջարկ չեն ստացել:




























