Սանկտ Պետերբուրգում սպասվող Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ պետք է բարձրաձայնվի բանակցություններին Արցախի կողմ դառնալու հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Պետք է հայկական կողմը բարձրաձայնի բանակցային գործընթացին Արցախին միանալու հարցը, որպեսզի  խնդրի կարգավորման  հարցերը քննարկվեն Արցախի ներկայացուցիչների ներկայությամբ: Անպայման, պետք է սա բարձրաձայնվի: Օրինակ, հավաստիացնում են, որ դա անում են, բայց թող այնպես անեն, որ հանրային հրապարակման համար լինի: Երկկողմ հանդիպումներից հետո կողմերը ասուլիսներով, հարցազրույցներով են հանդես գալիս, թող  Արցախի բանակցային կողմ դառնալու հարցը եւս հնչեցվի այդ ձեւաչափով, որպեսզի դա էլ ընդգրկվի օրակարգ եւ հայտարարեն` մինչեւ այս խնդրի լուծումը չլինի, որեւէ մեկը չի պատրաստվում քննարկել ԼՂՀ  հիմնահարցի կարգավորումը»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Պատգամավորը ընդգծեց` Ռուսաստանը շահագրգիռ կողմ է եւ կփորձի իր շահերը առաջ մղել, բայց Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով եւ, անպայման, քննարկի նաեւ այն հարցը, թե շփման գծում մշտադիտարկում իրականացնելու համար համապատասխան մեխանիզմները տեղադրելուց հետո, որն է հաջորդ քայլը:

«Շատ կարեւոր է այն հարցը, թե այդ մեխանիզմներից հետո ինչ է լինելու: Ասենք` տեղադրեցին,  ու դեպքը տեղի է ունենում, կողմերը ի՞նչ պատասխանատվության են ենթարկելու հրադադարը խախտողին, ո՞րն է լինելու դրա հաջորդ քայլը:  Պետք է այս հարցերը բարձրացնի հայկական կողմը եւ հասկանա մեխանիզմները: Օրինակ, Ադրբեջանը խախտեց հրադադարը, ի՞նչ է տեղի ունենալու դրանից հետո»:

Պատգամավորը մեկ անգամ եւս շեշտեց, որ այս բանակցություններից բացի երկրի ներսում կարեւորագույն անելիքներ կան, որոնց տեմպերը դանդաղ են: 

«Պետք է գիտակցել, որ Հայաստանի հակառակորդը Ադրբեջանն է եւ այդ երկրի տարիների վարքագծից դասեր պետք է քաղի հայկական կողմը, այն է` ներքին խնդիրները կարգավորի: Այս տեսակի հանդիպումները մի գուցե շատ   լավ են  Հայաստանի շահերը բարձրաձայնելու, քննարկելու համար,  բայց մենք ունենք շատ մեծ աշխատանք կատարելու մեր ներքին խնդիրները կարգավորելու ուղղությամբ. տնտեսության ամրապնդումն է, ժողովրդավարական ինստիտուտների հաստատումը եւ բանակի արդիականացումը, որոնք կատարվում են դանդաղ տեմպերով»,- նշել է Պողոսյանը:

Նշենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի  նախագահների հանդիպումը: