Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղի «Վանեւան» ռեստորանային համալիրից հունիսի 19-ին որեւէ մեկը չի առեւանգվել: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանեւանի գյուղապետ Նորայր Հարությունյանը: Նա նշեց, որ ռեստորանային համալիրում մի քանի երիտասարդների միջեւ ընդամենը քաշքշոց է տեղի ունեցել, ուրիշ ոչինչ. «Ես գիտեմ, որ ընդամենը մի քանի հոգու միջեւ քաշքշոց է տեղի ունեցել, մի քանի ափսե է կոտրվել, ուրիշ ոչինչ»:

Վանեւանի գյուղապետը նաեւ նշեց, որ խուլիգանություն կատարելու մեջ կասկածվող 30-ամյա Ռոմիկ Մինասյանն իր հետ որեւէ կապ չունի, մամուլում տարածված տեղեկությունները, թե իր փեսան է՝ սուտ են. «Ես նման անունով փեսա չունեմ, ընդհանրապես տեղ ունեցածն ինձ հետ կապ չունի: Նաեւ այն տեղեկությունները, թե ռեստորանը Վարդենիսի նախկին ոստիկանապետ Տիգրան Գալստյանին է ու ես էլ փայատեր եմ՝ սուտ է, միայն ճիշտն այն է, որ իսկապես Տիգրան Գալստյանի ռեստորանն է»:

Հարցին՝, եթե որեւէ կապ չունի տեղի ունեցածի հետ՝ ինչու են իր անվան հետ կապում տեղի ունեցածը, գյուղապետը կատակով նշեց՝ «երեւի բախտավոր աստղի տակ եմ ծնվել, դրա համար»:

Նշենք, որ NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 258 հոդվածի 3 մասի 1 կետով՝  Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղում գտնվող «Վանեւան» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել խուլիգանություն: 30-ամյա Ռոմիկ Մինասյանը ծեծկռտուք է սարքել, նա զինված է եղել ատրճանակով:

Մինչ ոստիկանների ժամանելը խուլիգանություն կատարողը նախ տակն ու վրա է արել ողջ ռեստորանը, կոտրել ողջ սպասքը, գույքը, այնուհետեւ ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակից 51-ամյա Հրայր Ավետիսյանին։

Այդ պահին Հ․ Ավետիսյանին օգնության է հասել նրա որդին 24-ամյա Գոռ Ավետիսյանը, որը նույնպես ծեծի է ենթարկվել, ինչից հետո ատրճանակով զինված երիտասարդը առեւանգել է նրանց։

Խուլիգանություն, անձի առեւանգում, հայր եւ որրդուն ծեծի ենթարկելու կասկածանքով որոնվում է Վարդենիս քաղաքի Արզումյան փողոցի բնակիչ, սակայն Երեւանում բնակվող 30-ամյա Ռոմիկ Մինասյանը, որը Վանեւանի գյուղապետի փեսան է։

Նշված ռեստորանը պատկանում է Վարդենիսի նախկին ոստիկանապետ Տիգրան Գալստյանին, Վանեւանի գյուղապետն էլ նրա հետ փայատեր է։ Փաստի առթիվ հարուցվել է քրգործ։