Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին ականի պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչներ` 50-ամյա Արշալույս Սահակյանն ու 61-ամյա Արտավազդ Կարապետյանն արդեն ավարտել են պրոթեզավորման գործընթացը եւ ստացել հաշմանդամութան կարգ: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Լավ են, պրոթեզավորման գործընթացն ավարտել  են՝ մեկի ոտքի, մյուսի ոտքի ու ձեռքի պրոթեզներ են դրել, քայլում են, լավ են զգում, կամաց-կամաց ինտեգրվում են»,-ասաց գյուղապետը:

Ականի պայթյունից վիրավորում ստացած Արշալույս Սահակյանին եւ Արտավազդ Կարապետյանին Նոյեմբերյանի եւ Իջեւանի բժշկական կենտրոնում  վիրահատել էին. Արշալույս Սահակյանը պայթյունի հետեւանքով կորցրել էր ոտնաթաթը, իսկ Արտավազդ Կարապետյանը՝ ոտքն ու ձեռքը: Ավելի ուշ նրանք տեղափոխվել էին Երեւան եւ հետագա բուժումը շարունակել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանքով 2 մարդ վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնել էր, որ Բաղանիսի բնակիչներն արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար: