Ադրբեջանում լայնածավալ ուսումնավարժանքներ են սկսվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, վկայակոչելով Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, որ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանատարությամբ անցկացվող ուսումնավարժանքներին մոտ 25 000 զինվորական է մասնակցում, ավելի քան 300 միավոր տանկ եւ մարտական զրահամեքենաներ, ավելի քան 100 միավոր հրթիռային եւ հրետանային սարքավորում, մինչեւ 40 միավոր ռազմական ավիացիա եւ հակաօդային պաշտպանության ավելի քան 30 համակարգ, ռազմածովային ուժերի նավերի միավորումներ եւ հատուկ նշանակության զորամասեր:
Ուսումնավարժանքների անցկացման շրջաններ են ընտրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ շփման գծերը, ինչպես նաեւ Կասպից ծովի ադրբեջանական հատվածը:
Տվյալ ուսումնավարժանքների առանձնահատկությունն այն է, որ դրանք անցկացվում են առկա նոր տեխնոլոգիական միջոցներով եւ սպառազինությամբ եւ հաշվի առնելով պայմանական հակառակորդի պաշտպանական ուժեղ համակարգը:
Ուսումնավարժանքների ընթացքում կստուգվեն զորքը ռազմական բարձր պատրաստականության բերելու, դրանց վերախմբավորման միջոցառումներ անցկացնելու կարողությունը, ինչպես նաեւ մարտական եւ նյութատեխնիկական ապահովության հարցեր: Ուսումնավարժանքների փուլերից մեկում նաեւ մարտական կրակոցներ կարձակվեն:





























