«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող  6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր՝ հունիսի 20-ին, հացադուլ է սկսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ տիկին Մարգարիտան:

NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ նշեց, որ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովն արդեն երրորդ անգամ մերժում է Ավետիսյանի՝ վաղաժամկետ ազատման դիմումը եւ Վոլոդյա Ավետիսյանը, հացադուլ հայտարարելով, բողոքում է  այդ կառույցի դեմ. «Մի չոր բառ են ասել ընդամենը՝ մերժում ենք ու վերջ, բացատրություն չկա, թե ինչու, հարցնում էլ ենք, պատասխանում են՝ այդպես էր պետք, այդպես ենք արել: Միջնադարյան բռնատիրական ռեժիմներին է նման այդ մարմինը, այդ կառույցը մարդու իրավունքների դեմ է գործում, Վոլոդյա Ավետիսյանը հենց դրա դեմ էլ բողոքում է»:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: Նրա վրա համաներումը չէր տարածվել: