ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր գործող հասարակական խորհուրդն այս տարվա ամառային զորակոչի վերաբերյալ արդեն 70 դիմում-բողոք է ստացել: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց խորդրի հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
«Դիմումների 90 տոկոսից ավելին վերաբերում են առողջական հարցերին: Անհանգստացնում են` հետազոտությունները լիարժեք են իրականացվել, թե ոչ, համաձայն են տվյալների հետ, թե ոչ, հանձնաժողովների կողմից զորակոչային արդյունքները ճիշտ է գնահատվել, թե ոչ»,- ասաց Գեղամ Հարությունյանը:
Գեղամ Հարությույանը նշեց, որ հիմնականում իրենք համաձայն են լինում ծնողների գանգատների հետ, միջնորդում են զինկոմին, որ այդ նորակոչիկը կրկնակի հետազոտություն անցնի կոնկրետ խնդիրներին վերաբերող. «Կան դեպքեր, որ տեսնում ենք, որ որոշումները հիմնավորված են»:
Հանձնաժողով ստացվող դիմում-բողոքների թիվը, նրա խոսքով, տարեցտարի ավելանում է: Գեղամ Հարությունյանի խոսքով` ընդհանուր բողոքների 5-ից 7 տոկոսը բողոքարկվում են, հանձնաժողովի միջնորդությունների 30-ից 35 տոկոս բավարարվում են:
«Մեր անցած զորակոչին 21 դիմում-բողոք բավարարվել են այնպես, ինչպես ցանկացել են դիմումատուները: Մենք արել ենք 106 միջնորդություն 181 դիմում-բողոքից: Մնացածիի դեպքում հիմքեր չենք տեսել միջամտելու զորակոչի ընթացքին»,- ասաց նա:
Նշենք, որ հանձնաժողովի նիստերը անցկացվում են շաբաթվա մեջ երեք անգամ: Բողոքների ստացման գործընթացը ընթացքի մեջ:





























