Հայաստանի ԱԺ 28 պատգամավոր միացել է «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: 

Նա թվարկել է այդ պատգամավորների անունները՝ Արագած Ախոյան, Հակոբ Հակոբյան, Համլետ Հարությունյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան, Ռուբեն Գեւորգյան, Լյովա Խաչատրյան, Արմեն Ավետիսյան, Ռուստամ Գասպարյան, Մարգարիտ Եսայան, Կարինե Պողոսյան, Շուշան Պետրոսյան, Արտաշես Գեղամյան, Հրանտ Գրիգորյան, Լեռնիկ Ալեքսանյան, Սուքիաս Ավետիսյան, Հայկ Գրիգորյան, Ռոբերտ Սարգսյան, Վոլոդյա Բադալյան, Կարինե Աճեմյան,  Վահագն Մախսուդյան, Վահան Բաբայան, Արայիկ Աղաբաբյան, Իշխան Խաչատրյան, Ռուզաննա Մուրադյան, Զարուհի Փոստանջյան եւ  Լյուդմիլա Սարգսյան:

Հացպանյանի խոսքով, հոգեւոր խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան պիտի ժամանի Աթեշյանը, հավանաբար, տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի մեկնումից հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հունիսի 16-ին ստեղծվել է «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանմամբ «իվենթը»:

Կազմակերպիչները, մասնավորապես, նշել են.

«Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած, Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։

Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք եւս՝ որպես սրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ, թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։

2016 թ. հունիսի 22-ին հանդիպում ենք Զվարթնոց օդանավակայանում, Ռ. Թ. Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս  Աթեշյանը հունիսի 15-ին կմեկնի Ռուսաստան։

Աթեշյանը դրանից հետո կայցելի նաեւ Հայաստան՝ մասնակցելու Գերագույն Հոգեւոր Խորհուրդի նիստերին ինչպես նաեւ Ֆրանցիսկոս Սրբազան Պապի՝ Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։

Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանը նամակ էր գրել Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ինչն առաջ էր բերել աշխարհում համայն հայության դժգոհությունը: