ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի «Վանեւան» ռեստորանում հունիսի 18-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ:

ՀՀ Քնչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռ. Մինասյանը շուրջ 10 անձանց հետ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղում գտնվող «Վանեւան» ռեստորանում մասնակցել է խնջույքի, որի ընթացքում կեսգիշերին Ռ. Մինասյանը կոտրել է ռեստորանին պատկանող սպասքը, ապա  վիճաբանել ռեստորանի մենեջեր Հ.Ավետիսյանի հետ, հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանությունը շարունակվել է նաեւ Հ.Ավետիսյանի որդու եւ  վերջինիս ընկերոջ՝ ռեստորան ժամանելուց հետո, որի ժամանակ խնջույքի մասնակիցները բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով տարբեր հարվածներ հասցնելով ռեստորանի մենեջերի, նրա որդու եւ ընկերոջ մարմնի տարբեր մասերին։

Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 19-ին Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ռ.Մինասյանին եւ խնջույքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: