«Ժառանգությունն» ունի իր քաղաքապետի թեկնածուները եւ Վանաձորում, եւ Գյումրիում եւ այդ քաղաքներում պետք է տեղի ունենա իշխանափոխություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Մենք դիտարկում ենք ուղղակի քաղաքական ընտրություններ եւ քաղաքական հայտ պետք է ներկայացվի այդ ընտրությունների ժամանակ, ոչ միայն հայտարարել, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն, այլ որն է այն ծրագիրը, որի շուրջ մենք պատրաստվում ենք վերցնել իշխանությունը: Հենց սրա մասին պետք է խոսվի, ոչ թե անձանց»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգությունում» դեռեւս չեն որոշել` ովքեր են գլխավորելու ցուցակները: Անդրադառնալով այն կարծիքներին, որ «Ժառանգությունը» թուլացել է, անմրցունակ է եւ չունի նախկին հեղինակությունը, ինչի հետեւանքով ոչ միայն հաղթելու, այլ քիչ թե շատ քվե ստանալու շանս չունի, Փոստանջյանն ասաց. «Ես չեմ կիսում այդ կարծիքները եւ դուք կլինեիք ականատեսը այլ պատկերի, եթե մեր հետ շրջեիք թե հարավում, թե հյուսիսում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ, որն այս երկու օրը տեղի ունեցավ»:

Փոստանջյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» չունի մրցակից. «Ժառանգությունը» իր հստակ ծրագիրն ունի, որը ներկայացնելու է հանրությանը, եւ այն արժանանալու է հանրության համակրանքին: Գյումրիում ոչ երեկ է թեժ եղել, ոչ էլ այսօր, մենք խնդիր ունենք իշխանազրկելու Հանրապետական կուսակցությանը եւ վերցնելու իշխանությունը` իրականացնելու մեր քաղաքական հայտը, որը տարբերվելու է մեր այս 25 տարիների քաղաքական հայտից»:

Հարցին` ինչ ռեսուրսով են վերցնելու իշխանությունը, նա պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժի համար այդ ռեսուրսը մեր հանրությունն է»: