Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Radiohead ռոք խմբի ֆանատների վրա արմատական իսլամիստների հարձակման մեղքը բարդել է երկու կողմերի վրա։

«Նրանք, ովքեր հայտարարում են, թե դա եղել է Ռամադան չպահող մարդկանց վրա հարձակում, դեմ են ելնում մեր երկրում խաղաղությանը»,– մեջբերում է Էրդողանի խոսքը Daily Sabah–ը։

Նախագահը նշել է, որ ցավում է այն կապակցությամբ, որ խանութի հարավկորեացի սեփականատերը ստիպված է եղել փակել այն հարձակումից հետո։ «Որքանով ինձ հայտնի է, խանութի տերը մարդկանց հրավիրել էր լսել ալբոմը։ Խանութը շատ փոքր էր, մարդիկ սկսել էին ալկոհոլ խմել փողոցում եւ բարկացրել էին տեղաբնակներին»,– ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել ինդի-երաժշտության  Velvet Indieground խանութում։ Անհայտ անձինք հարձակվել են բրիտանական  Radiohead խմբի երկրպագուների վրա, որոնք հավաքվել էին խանութում նոր ալբոմը լսելու։ Radiohead-ից արդեն մեկնաբանել են միջադեպը` իրենց աջակցությունը եւ սերը հայտնելով Ստամբուլում երկրպագուներին: Խումբը հույս է հայտնել, որ երբեւէ բռնության նման գործողությունները հեռավոր անցյալին կպատկանեն: