Նորակոչիկի հայրը բողոքում է, որ որդուն լուրջ առողջական խնդիրներով զորակոչում են բանակ:

«15 տարեկանում որդիս պոչուկի վիրահատություն է տարել, հիմա մոտը թարախային պրոցես է սկսում: Դեղերից ալերգիա ունեի, ձմռանը ոտքերը ուռչում են, ցավում, կարմրում, ճաքում: Չի կարողանում ուղիղ նստել, արյան ճնշման տատանումներ ունի»,- այսօր` հունիսի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր գործող հասարակական խորհրդի` քաղաքացիների դիմումների ընդունման հանձնաժողովի նիստում իր ներկայացրած բողոքի քննարկմանն ասաց զինծառայողի հայրը` Հարություն Կեցոյանը:

Հարություն Կեցոյանը նշեց, որ հետազոտության ժամանակ տեսել են՝ որդին նման խնդիրներ ունի ու անտեսել են:

«Հիմա պոչուկը պետք է նորից վիրահատեն, թարախային պրոցես է երեխայի մոտ, չի կարողանում քայլել: Կամիսիայի ժամանակ բժշկուհին ասել ա` հիմա ես ոնց անեմ, պոչուկդ էդ վիճակին, բարձրացել ա վերեւ,  ասել են` բարի ծառայություն»ասաց նա:

Հանձնաժողովը քննարկեց հարցը ու որոշեց միջնորդել զինկոմին, որ զինակոչիկը կրկնակի հետազոտություն անցնի: