Հայաստանի կենտրոնից դեպի հարավ ձգվող (Հրազդան-Շինուհայր) 220 կՎ-անոց էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) շինարարությունը 65-70%-ով իրականացված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը՝ հավելելով, որ շինարարության մեջ 450 մարդ է ներգրավված:

Պատասխանելով աշխատանքի ժամանակացույցից հետ մնալու մասին հարցին, որն արձանագրել է Հայաստանի Վերահսկիչ պալատը, Անանյանը պատասխանեց, որ աշխատանքներն ամբողջ թափով են կատարվում եւ նշված ժամկետում կավարտվեն:

Հրազդան-Շինուհայր 220 կՎ-անոց էլեկտրահաղորդման գիծը կառուցվում է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում եւ պետք է կապի երկրի կենտրոնն ու հարավը՝ բարձրացնելով Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունը: Ծրագրի արժեքը 52 մլն դոլար է, որից 39 մլն դոլարը՝ ՀԲ-ի վարկն է, մնացյալը՝ Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը: