ՌԴ Քննչական կոմիտեից մանրամասներ են պատմել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պահին մեղադրյալների գործողությունների մասին, հայտնում է Gazeta–ն։

Գերատեսչության կայքում ասվում է, որ 2015-ի փետրվարի 27-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Զաուր Դադաեւը, ունենալով 9 մմ տրամաչափի փամփուշտներով զենք, Անզոր Գուբաշովի եւ Շավանովի  հետ եղել է Մալայա Օրդինկա փողոցի վրա գտնվող տան մոտ, որտեղ ապրում էր Նեմցովը։

«Նույն օրը՝ մոտավորապես 21։45-ին, երբ Նեմցովը մեքենայով շարժվել էր ԳՈՒՄ–ի ուղղությամբ, խմբի անդամները հետեւել էին նրան։ Երբ Նեմցովն Աննա Դուրիցկայայի հետ լքել էր ունիվերմագի շենքը եւ շարժվել տան ուղղությամբ, Շավանովն ու Գուբաշովը Դադաեւին նշան էին տվել, որ սպանության համար բարենպաստ պայմաններ կան։ Մոտավորապես ժամը 23։31-ին Դադաեւը, հետեւելով Նեմցովին եւ Դուրիցկայային Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, իր մոտ եղած զենքից առնվազն 6 անգամ կրակել էր Նեմցովի վրա»,– հայտնել են ՔԿ–ից։

Հաղորդվում է, որ Անզոր Գուբաշովն ու Շավանովը եղել են մեքենայի մեջ։ Դրանից հետո Դադաեւը, Շավանովն ու Գուբաշովը դիմել են փախուստի։