Ռուսաստանի ՔԿ-ի Առանձնահատուկ կարեւորության գործերի հետաքննության վարչությունն ավարտել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող հինգ կասկածյալի վերաբերյալ հետաքննությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նյութերն ուղարկվել են մեղադրական եզրակացության հաստատման համար, ինչից հետո գործը կփոխանցեն ըստ էության քննելու: 

Զաուր Դադաեւին, Շադիդ եւ Անզոր Գուբաշովներին, Թեմիրլան Էսկերխանովին եւ Համզաթ Բահաեւին մեղադրում են կազմակերպված խմբով Նեմցովի պատվիրված սպանությունն իրականացնելու համար: Նրանց բոլորին ցմահ ազատազրկում է սպառնում: Գործով մեղադրյալների դեմ առաջադրված են նաեւ   անօրինական եղանակով հրազեն ձեռք բերելու, կրելու, տեղափոխելու եւ պահելու  մեղադրանքներ: 

Սպանության պատվիրատու եւ կազմակերպիչ Ռուսլան Մուխուդինովի, ինչպես նաեւ այլ չպարզված անձանց նկատմամբ քրեական գործի հետաքննությունը շարունակվում է: 2015-ի նոյեմբերից հետախուզման մեջ գտնվող Մուխուդինովի նկատմամբ քրեական գործն ավելի վաղ առանձնացրել էին: 

ՔԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ քննությունն այն եզրակացության է հանգել, որ Նեմցովի սպանությունը կապված է եղել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներին աջակցող  նրա մեկնաբանությունների հետ, ինչպես դա պնդել են Զաուր Դադաեւը եւ Անզոր Գուբաշեւը:   Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը 2015-ի հունվարին մահմեդական մարգարեի վերաբերյալ վեճերի պատճառ դարձած ծաղրանկարներ էր հրապարակել:  

«Սակայն հավաքված ապացույցները վկայում են, որ կազմակերպված խմբի անդամները դեռեւս 2014-ի սեպտեմբերին սկսել էին Նեմցովի սպանության նախապատրաստությունը, ինչն ամբողջությամբ բացառում է կրոնական ատելության հողի վրա սպանության դրդապատճառը», — ասել է Մարկինը:

Նա նշել է, որ հանցագործության կատարողներին առնվազն 15 մլն դոլարի չափով պարգեւ են խոստացել, իսկ հավաքված ապացույցները հաստատում են սպանության շահադիտական բնույթը: 

Ավելի վաղ ԱԴԾ-ն հաղորդել էր, որ քաղաքական գործչին գնդակահարել են զենքից, որը հավաքել էին «արհեստագործական» եղանակով` արտասահմանից բերված դետալներից:  Նեմցովների ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովի խոսքով, այդ տեղեկությունը չի ազդի հանցագործության ընդհանուր պատկերի վրա, հատկապես հաշվի առնելով այն, որ սպանության զենքը մինչեւ այժմ չի հայտնաբերվել: 

«Ամեն դեպքում պետք է ոչ թե կենտրոնանալ ատրճանակի ծագման վրա, այլ շղթայով գնալ կատարողներից մինչեւ կազմակերպիչները եւ պատվիրատուները»,— հայտնել է Պրոխորովը: 

2015-ի փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանված Նեմցովը  1990-ական թվականներին մի շարք բարձր պաշտոններ էր զբաղեցրել Ռուսաստանի կառավարությունում, իսկ 2000-ականներին ընդդիմադիր էր դարձել: