«Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը համոզված է, որ այսօր` հունիսի 20-ին ձերբակալված ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի դեմ «գործ են սարքել»:

«Սարքած գործ է: Ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ խոսում են վթարի մասին: Իբր թե այդ մարդիկ ցուցմունքներ են տվել, որ հասատատել են Ժիրայր Սեֆիլյանի հետ կապը: Շատ բարակ թելերից կախված պատմություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը:

Վարուժան Ավետիսյանի խոսքով` սա քաղաքական պատվեր է, բացահայտ ապօրինություն:

«Սերժ Սարգսյանը փորձում է մեկուսացնել տարածքային անձեռնամխելիության ապահովման հարցում իր գլխավոր հակառակորդ Ժիրայր Սեֆիլյանին, որի շուրջ կարող էր ձեւավորվել համազգային ընդվզում, որպեսզի կարողանա իր ազգադավ ծրագիրը իրագործել: Ընդհանուր ձեռագիրը նույնն է, ինչ 2006թ., երբ Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկեցին սուտ մեղադրանքով, որը հետո չկարողացան ապացուցել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակը նշեց, որ իրենց պայքարը չի դադարելու:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով:

«2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, վարորդն ու ուղեւորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղեւորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:

Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի նպատակով նա մի խումբ անձանց զենք եւ ռազմամթերք է ձեռք բերել, պահել ու փոխադրել: 

2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում: