Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ավելացնել ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Այսն մասին նշված է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահները 2016 թվականի հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում` ՌԴ Նախագահի հրավերով, եւ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:

Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային/բովանդակային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում:

Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով՝ ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին»: