ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 20-ին, տեսակցել է այսօր ձերբակալված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը գրել է.
«Հենց նոր Ժիրայր Սեֆիլյանին Ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին Քննչական կոմիտե: Ժիրայր Սեֆիլյանը մեր կարճ զրույցի ընթացքում հայտարարեց, որ իր ձերբակալությունը համարում է հերթական քաղաքական հալածանք»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ձերբակալվել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Ազատամարտիկին կասկածում են ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ: Ըստ Քննչական կոմիտեի՝ այս ձերբակալությունը կապված է այս տարվա մայիսի 20-ի դեպքի հետ, երբ Ծիծեռնակաբերդի խճուղում վթարի ենթարկված ավտոմեքենայից ոստիկանները հայտնաբերել են ԱԿԱ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, բերման ենթարկել վարորդին եւ ուղեւորին: Ովքեր են այդ մարդիկ, Քննչական կոմիտեն չի հաղորդում: Միայն տեղեկացնում է, որ Սեֆիլյանը, ըստ նախաքննության տվյալների, ծրագրել է մի խումբ անձանց զինված գործողություններ, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը: Ավելին՝ ըստ քննչականի, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին: Նշենք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել «Սարդարապատ», «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ գրասենյակներում , ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի տանը: Ժիրայր Սեֆիլյանի տան եւ նկուղի խուզարկության արդյունքում զենք չեն գտել:




























