Ցանկացած հանդիպում շատ կարեւոր է: Դա նշանակում է, որ բանակցությունները շարունակվում են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար ռեսուրսները չեն ավարտվել: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության հարցով Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մակարդակով անցկացված բանակցությունները:
Դավիթ Բաբայանի խոսքով, չնայած բանակցային գործընթացը բարդ, կարելի է ասել՝ փակուղային իրավիճակում է, ամեն դեպքում, հույս կա, որ կհաջողվի այն վերականգնել:
Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի, Սանկտ Պետերբուրգի հանդիպման կարեւորագույն արդյունքը միջադեպերի հետաքննության ներդրման անհրաժեշտության մասին հիշատակումն է: «Բայց ամենակարեւորն այն է, որ շեշտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը»,- նշեց Բաբայանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը կփորձի հարված հասցնել բանակցային գործընթացին: Դրա հաստատումն է բարձր մակարդակով հանդիպումից անմիջապես առաջ լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Ադրբեջանը գործընկերներին չի տեղեկացրել զորավարժությունների անցկացման մասին՝ խախտելով միջազգային պայմանավորվածությունները:
Խոսելով հետաքննության մեխանիզմների ներդրման մասին՝ նա նշեց, որ գործընթացը երկարատեւ եւ աշխատատար է լինելու: «Կարեւորը սկիզբը դրվել է, անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել՝ այն շարունակելու համար»,- նշեց Դավիթ Բաբայանը:





























