Կա նման թեկնածու, սակայն դեռ վերջնական չէ, քննարկումները շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն կանգ է առել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության վրա: «Կա նման թեկնածու, սակայն դեռ քննարկումները չեն ավարտվել, երբ որ կանգ կառնի կոնկրետ Բալասանյանի վրա, դրա մասին կխոսենք: Մենք քննարկումները դեռ չենք ավարտել, եւ ես լիազորված չեմ նման հայտարարություն անելու»:

Հարցին` ինչո՞ւ են քննարկում մի քանի կուսակցություն փոխած Սամվել Բալասանյանի թեկնածությունը, միթե ՀՀԿ-ում քաղաքապետի թեկնածու չկա, Բաղդասարյանը պատասխանեց. «Որեւէ անգամ Հանրապետական կուսակցությունը կոնկրետ թիմը ձեւավորելիս հստակ չի դրել, որ թեկնածուները մեր կուսակցությունից լինեն։ Մեր նախարարների մեջ, մեր կառավարությունում, նաեւ մեր խմբակցությունում կան բազմաթիվ անկուսակցական պատգամավորներ ու ներկայացուցիչներ»:

Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի շանսերին, հաշվի առնելով, որ նախկինում տարբեր ընտրություններում իշխող կուսակցությանը չի հաջողվել հաղթանակ ապահովել, նա ասաց. «Սպասենք կտեսնենք, հաղթողները պետք է պատրաստ լինեն նաեւ պարտության, մենք նպատակ չենք դրել, որ ամեն ինչի գնով հաղթելու ենք, ժողովուրդը կորոշի։ Քաղաքական պայքարում մարդիկ պետք է լինեն անհանգիստ, բայց ոչ մտավախած»: