«Երեւան Ջուր» ընկերությունը պնդում է, որ ընկերության աշխատակիցները մասնավոր, ընկերության հետ կապ չունեցող աշխատանք են կատարել դիտահորում, երբ նրանցից մեկը մահացել է, մյուսը  հիվանդանոց տեղափոխել վատ ինքնազգացողությամբ եւ ընկերությունը պատասխանատվություն չի կրում պատահածի համար: 

«Երկու հոգի լրիվ ապօրինի մասնավոր գործ են արել սեփական նախաձեռնությամբ: Աշխատանքային ժամից դուրս՝ երեկոյան, առանց թույլտվության վերցրել են տեխնիկան, գնացել են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը:

Մուրադ Սարգսյանը նշեց, մահացածը ընկերությունում աշխատում էր որպես տեխնիկական մեքենայի վարորդ, մեքենան ամրակցված է նրան: Իսկ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ըստ նրա, աշխատում է ընկերությունում, սակայն ոչ նույն կառույցում, ինչ վարորդը:   

Մուրադ Սարգսյանի խոսքով՝ ընկերությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է պատահածը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին՝ ժամը 21.06-ին, ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել էր, որ դիտահորում վատ ինքնազգացողությամբ երկու քաղաքացի կա: Փրկարարները դուրս էին բերել 1964 թ. ծնված Արթուր Թադեւսյանին, որը տեղափոխվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, բուժօգնություն ստացել ու դւոս գրվել: Մյուս քաղաքացին մահացել էր:

Մահացածն ու տուժածը «Երեւան Ջուր» ընկերության աշխատակիցներ են: