«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով վկա, ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի մորաքրոջ որդուն` Արթուր Հակոբյանին, դեպքից հետո տեսանյութեր են ցուցադրել, սակայն ինքը ոչ մեկին չի ճանաչել:

«Ինձ կանչեցին ԱԱԾ, ես գնացի, հարցրին, թե ճանաչում եմ տեսանյութերում առկա մարդկանց, բայց ես ոչ մեկին չեմ ճանաչել»,- ասաց Արթուր Հակոբյանը` նշելով, որ սպանության մասին ինքը ոչինչ չգիտի:

Վկան նաեւ նշեց, որ քննիչը գրել է, հետո ասել են` ստորագրիր, որն էլ արել է: Թե ինչու է ստորագրել առանց կարդալու, Արթուր Հակոբյանը չկարողացավ պատասխանել:

Ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին, թե ինչու են իրեն հրավիրել Ազգային անվտանգության ծառայություն, վկան արձագանքեց. «Երեւի ինձ հետ ծանոթանալու համար»:

Նշենք, որ Արթուր Հակոբյանն արդեն 12 տարի է` աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում:

Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կան: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Ըստ նախաքննական ցուցմունքի` Արթուր Հակոբյանը հայտնել է, որբտեսագրություններից մեկում երեւում է մորաքրոջ որդին, որը կապիշոնով է:

Արթուր Հակոբյանը դատարանում պնդեց, որ ինքը չի տվել այդ ցուցմունքը, այլ քննիչն է կազմել արձանագրությունը, իսկ ինքն էլ վերջում ընդամենը ստորագրել է:

Դատավորն էլ կշտամբեց, թե ինչու ես վնասել մորաքրոջդ որդուն, ասեիր, թե ոչ մեկին չես ճանաչում: «Արձանագրեք, որ հետո ուսումնասիրենք: Էս խեղճ տղան ձեր ցուցմունքով էստեղ հիմա նստած է ամբաստանյալի աթոռին»,- ասաց Արտուշ Գաբրիելյանը:

Դատավորը կրկին հարցրեց` նախաքննական ցուցմունքը ճիշտ է, թե ոչ:

«Տեսանյութում ոչ մեկին չեմ տեսել ես... ես չեմ հիշում` երեկ ինչ եմ կերել»,- պատասխանեց վկան:

Ամբաստանյալի պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, որ ամբաստանյալների հարազատների նկատմամբ ճնշումներ են կատարվել:

«Ինչու ես մորաքրոջդ տղայի վրա ցուցմունք տալիս: Այ քեզ բան, դու էլ մեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցն ես»,- ասաց դատավորը:

Ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային երեքն էլ մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: