«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով վկա Ռուդիկ Խլոյանը դեպքի օրը «Նուբարաշեն» ՔԿՀ -ի ավտակայանատեղիում է եղել, լսել կրակոցներ, սակայն մտածել է` հրավառություն է:

«Գնացել էինք մեր ընկերոջը տեսնելու, մեքենայից իրեր էինք հանում, մեկ էլ կրակոցներ լսեցինք, ժողովուրդը սկսեց էս կողմ, էն կողմ գնալ: Ես էլ մնացի ավտոյի մեջ, մտածեցի հրավառություն է»,- այսօր` հունիսի 21-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց վկան:

Դատավորի հարցին, թե նախաքննական ցուցմունքում գրել եք, որ տեսել եք կրակողներից մեկի դեմքը, Ռուդիկ Խլոյանը պատասխանեց.«Էնտեղ խոսում էին, որ կրակողներից մեկը եղել է իմ ավտոյի հետեւի մասում, ես էլ էդպես գրեցի իմ ցուցմունքում»:

Վկան հայտարարեց, որ ինքը ոչ մեկին դեպքի վայրում չի եղել:

Գործով մյուս վկան` Գրիգոր Իսրայելյանը, դատարանում ասաց, որ ինքը հաճախորդի էր տարել քրեակատարողական հիմնարկ եւ սպասում էր, որ հետ տաներ:

«Ես էլ որոշեցի մի քիչ քնել, մեկ էլ կրակոց լսեցի, մոտ հինգ րոպե կրակում էին: Հետո ոստիկանությունից եկան, տարան բաժին: Կրակոցներից էլ մեքենաս վնասվել էր»,- ասաց Գրիգոր Իսրայելյանը` նշելով, որ ոչ ոքի չի տեսել, քանի որ կրակոցները լսելուն պես թաքնվել է:

Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ առկա են էական հակասություններ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի` Գրիգոր Իսրայելյանը մեքենան կայանել է հիմնարկի ավտոկայանատեղիի ձախ մասում, ապա րոպեներ անց լսել է հայհոյանքներ:

«Դիմակով մի տղամարդ ավտոմատով կանգնած էր ձախակողմնյան մասում գտնվող «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի մոտ ու հայհոյում էր, հետո սկսեց կրակել փոքր ավտոկայանատեղիի ուղղությամբ: Ես էլ վնասվածքներից խուսափելու համար թաքնվեցի»,- ասել է վկան:

Գրիգոր Իսրայելյանը հայտնել է նաեւ, որ ինքը ոչ մեկի դեմքը չի տեսել, միայն դիմակներ է տեսել, ինչպես նաեւ հայհոյանքներ է լսել:

«Հետո եմ իմացել, որ Լյովիկ անունով մեկն է սպանվել»,- ասել էր վկան:

Դատարանում տաքսու վարորդը հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքը համապատասխանում է ճշմարտությանը:

Ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային երեքն էլ մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: