«Երեւան Ջուր» ընկերության աշխատակիցը, որը նախորդ օրը մահացել է դիտահորում աշխատանքներ կատարելու ժամանակ, ընկերության 10 տարվա աշխատակից էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը:
Մուրադ Սարսգյանը նշեց, որ աշխատակիցը Երեւանի բնակիչ 47-ամյա Պեսրոսյան Սարգիսն է: Նա երկու անչափահաս երեխաների հայր էր:
Մուրադ Սարգսյանը նշեց, որ դեպքի մասին իրենց մանրամասներ հայտնի չեն: Մահացածի մարմնի վրա վնասվածքներ չեն տեսել, ենթադրում են, որ նա գազից է թունավորվել:
«Մասնավոր հորում կոյուղի են մաքրել: Կոյուղիում բազմաթիվ գազեր կան, հավանաբար դրանք են դարձել մահվան պատճառ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին՝ ժամը 21.06-ին, ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է: Փրկարարները դիտահորից դուրս են բերել երկու քաղաքացու, որոնցից մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխված՝ 1964 թ. ծնված Արթուր Թադեւսյանը բուժօգնություն է ստացել ու դուրս գրվել հիվանդանոցից:
Նշենք, որ «Երեւան Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում պատահածի համար, քանի որ տղամարդիկ աշխատանքային ժամից դուրս, մասնավոր աշխատանք են կատարելիս եղել, երբ դեպքը պատահել է:




























