Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի կարելի կապել Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության հետ, դրանք իրար հետ որեւէ առնչություն չունեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ արձագանքելով այն լուրերին, որ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելով՝ Սերժ Սարգսյանը Ալիեւի հետ հանդիպման օրը վերջինիս «մեծ նվեր արեց»։
«Սա ընդամենը իրավական դաշտում կատարված ձերբակալություն է անօրինական զենքի եւ քաղաքական հեղաշրջման նպատակով գործողություններ իրականացման հետ կապված։ Դրանք իրար հետ ընդհանրապես որեւէ առնչություն չունեն»,-ասաց նա։
Գագիկ Մելիքյանը կարծում է, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում որակում է միայն լրատվական դաշտը, ոչ թե հանրությունը։
«Մամուլն է փորձում նման կարծիք ձեւավորել հանրության շրջանակում։ Հանրությունը, չեմ էլ կարծում, որ այդպես է մտածում Ժիրայր Սեֆիլյանի մասին»,- ասել է նա։





























