Գյումրեցի մայր ու որդին, որոնց դիերը հունիսի 20-ին հայտնաբերել էին տանը, թունավորումից չեն մահացել, այլ գանգուղեղային վնասվածքից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 1936 թ. ծնված Սիրիկ Հակոբյանի եւ որդու՝ 1960 թ. ծնված Սարգիս Հակոբյանի մահը հետեւանք է նրանց նկատմամբ կիրառված բռնության։ Մասնավորապես՝ Սիրիկ Հակոբյանի եւ Սարգիս Հակոբյանի մահվանը հանգեցնող անմիջական վիճակը հանդիսացել է գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումը, որին բերել է փակ բութ գանգուղեղային վնասվածքը: Բացի նշված վնասվածքից, Ս.Հակոբյանի մոտ հայտնաբերվել է նաեւ ձախից 5-6-րդ կողոսկրերի կոտրվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ երկու անձի սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:





























