«Յուրաքանչյուր գործ, որ սկիզբ ունի, ավարտ էլ ունի, չէ՞: Ես ուզում եմ այլ բնագավառում աշխատեմ: Ես հանրապետության լավագույն շինարարներից մեկն եմ, շատ լավ ադմինիստրատիվ աշխատանքի փորձ ունեմ: Այդ բնագավառներում որտեղ էլ որ համապատասխան աշխատանք լինի, կաշխատեմ: Իսկ եթե ոչ, կգնամ իմ նախկին հիմնարկություններից մեկում կաշխատեմ»,,- այսօր՝ ՀՀԿ-ի Լոռու տարածքային խորհրդի նիստի ավարտին հայտարարեց գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Վերջինս նշեց, որ դեռ նախորդ ընտրությունների ժամանակ չէր ուզում առաջադրվել:
«Ես դեռ նախորդ ընտրություններին այլևս չէի ուզում քաղաքապետ առաջադրվեմ, ինչ-ինչ պատճառներով առաջադրվեցի, բայց դեռ այն ժամանակ պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ այս անգամ չեմ մասնակցելու,- ասաց Սամվել Դարբինյանը՝ վստահեցնելով,- ես ինքնակամ հեռանում եմ քաղաքապետի աշխատանքից»:
Քաղաքապետը որոշել է սատարել ՀՀԿ-ի թեկնածուին՝ Մամիկոն Ասլանյանին:
«Իմ համար մեկ չի, թե իմ քաղաքի ճակատագիրն ինչ կլինի: Ես եղածների մեջ ամենաուժեղին եմ հովանավորելու, նրա կողքին կանգնելու: Ճիշտն ասած, նա ոչ թե ամենաուժեղն էր, այլ ամենահարմարը: Ես համոզված եմ որ մեր թեկնածուն անցնելու է: Մրցակցություն չի լինի: Մեր թեկնածուն միանշանակ կանցնի»,- նշել է նա:





























