ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է ինժեներական մտածողության զարգացումը դպրոցականների շրջանում. հանրապետության տարբեր դպրոցների ռոբոտաշինական խմբակներին ինն ամիս առաջ տրամադրված բջջայինները ծառայել են որպես կրթական նյութ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բնապահպանական այս նախաձեռնության արդյունքում, հեռախոսների դետալները վնասակար թափոն լինելու փոխարեն՝ կիրառվել են տեխնիկական առաջադրանքների լուծման նպատակով: Շահագործված բջջայինները երկրորդ կյանք են ստացել շնորհալի պատանիների առաջարկած լուծումների շնորհիվ:
Ուսումնասիրելով հեռախոսների կառուցվածքը՝ Գավառի 2-րդ դպրոցի պատանիները նախընտրել են անսարք դետալները փոխարինել աշխատող մասերով, հնարավոր դարձնել բջջայինների մի մասի հետագա անխափան աշխատանքը եւ նվիրել դրանք, իսկ մյուս դետալները կիրառել տեխնիկական այլ խնդիրներ լուծելու նպատակով:
Մի քանի հեռախոսի մարտկոցներ միմյանց միացնելով՝ Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտները ստացել են նույն լարման, բայց ավելի մեծ տարողության մարտկոցներ, դրանց տվել USB մուտք եւ ելք՝ ստանալով արտաքինից եւ արեւի էներգիայից լիցքավորվող մարտկոցներ: Առանձին դետալներ կիրառվել են էլեկտրական խարտոցներ, մերսող թեւնոցներ եւ այլ սարքեր ստանալու նպատակով:
Երեւանի 173 դպրոցի խմբակի սաները ձգտել են սեփական փորձով կիսվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ վստահ լինելով, որ իրենց աշխատանքը կարող է հետաքրքրել շատերին, իսկ ոմանց համար կարեւոր դեր խաղալ՝ նախասիրությունից մասնագիտացման անցնելու հարցում: Նրանց ստեղծած էջում տեղադրվող տեսագրություններն ու առաջարկվող լուծումները կարող են կրթական դեր ունենալ հասակակիցների շրջանում եւ մոնիթորինգի գործիք ծառայել՝ ծնողների համար:
Պատանիների նախաձեռնությունը չի սահմանափակվում թվարկված աշխատանքներով: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում երիտասարդների շրջանում բջջայիններից օգտվելու եւ դրանցից առավել խելացի՝ բնապահպանական ճանապարհով ձերբազատվելու իրազեկվածության բարձրացումը:
































