Գյումրեցի 22-ամյա Արթուր Տոնապատյանի ականջը կտրելու մեջ մեղադրվող Արմեն Հարությունյանն իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մեղադրյալի պաշտպան Հայկ Հարությունյանը:

«Դեպքն իմ պաշտպանյալը ընդունում է, սակայն որակման հետ համաձայն չէ. առանձին դաժանություն եւ խուլիգանական դրդումներ չեն եղել, ինչպես նախատեսում է Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերը»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Ըստ փաստաբանի՝ Արմեն Հարությունյանը դրական բնութագիր ունի, երբեք հանցագործ աշխարհի հետ առնչություն չի ունեցել, իսկ վեճը տեղի է ունեցել քրոջ պատճառով. «Մեղադրական եզրակացության մեջ կա, թե աննշան պատճառ է եղել, սակայն դրա հետ էլ համաձայն չենք»:

Նշենք, որ տուժածի բուժման ամբողջ ծախսը հոգացել է մեղադրյալի ընտանիքը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Հարությունյանը փետրվարի 16-ին առավոտյան Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող «Թաք ծառ» ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում Արթուր Տոնապետյանի կողմից իր քրոջ`Եպրաքսյա Հարությունյանի բջջային հեռախոսահամարին զանգեր կատարելու աննշան պատճառով վիճաբանել է Արթուր Տոնապետյանի հետ: Վիճաբանության ժամանակ Արմեն Հարությունյանը, հաշվի չառնելով Արթուր Տոնապետյանի՝ իրենից բազմաթիվ անգամ ներողություն խնդրելու հանգամանքը, նրան ծնկի է բերել եւ գրպանից հանելով դանակ՝ այն շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տոնապետյանի կզակին, դանակով կտրել է Արթուր Տոնապետյանի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման եւ պարանոցի կտրած վերքի ձեւով առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս:

Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: