ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համամիտ չէ տեսակետին, որ հունիսի 20-ին ձերբակալված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ:
«Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքականության հետ կապ չունի, չի էլ ունեցել: Նման խոսակցությունները կարծում եմ, որ ընդամենը մամուլի կողմից շպրտվող հայտարարություններ են` փորձելու ճշտել, թե ինչ է իրականում կատարվում: Նրա ձերբակալությունը իրավական խնդիր է, գտնվում է քրեական դաշտում, հետաքննությունը հետագայում կտա ձեր հարցերի պատասխանը»,-ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով:
«2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, վարորդն ու ուղեւորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղեւորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի նպատակով նա մի խումբ անձանց զենք եւ ռազմամթերք է ձեռք բերել, պահել ու փոխադրել:
2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:





























