Անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ Արցախի հետ փոխգործակցության ակտիվացման առումով, իսկապես, անելիքներ շատ կան: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Ստեփանակերտում Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանը:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոողջունելով հյուրին՝ վարչապետը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Ա. Գեւորգյանի արհեստավարժությունը եւ համոզմունք հայտնել, որ տարիների ընթացքում տարբեր բարձր պաշտոններում նրա ձեռք բերած գիտելիքներն ու փորձը լավագույնս կնպաստեն ինչպես նոր աշխատանքում, այնպես էլ համագործակցության հարցում լուրջ հաջողություններ ունենալու գործին:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում համակարգված մոտեցում ցուցաբերելու եւ տարբեր իրավիճակներում համաձայնեցված որոշումներ կայացնելու առումով շատ անելիքներ կան:

«Ըստ առանձին գերատեսչությունների՝ երկու հայկական հանրապետությունների միջեւ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն, կարծում եմ, համակարգված մոտեցման առումով պետք է ակտիվացնենք մեր համատեղ աշխատանքը»,- ասել է վարչապետը:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ փոխգործակցության ակտիվացման առումով, իսկապես, անելիքներ շատ կան: Ա. Գեւորգյանը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերն առաջնահերթ կերպով աշխատանքային ընթացք կստանան:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լեւոն Գրիգորյանը: