2016-ի հունիսը թուրքական Անթալիայի համար վատագույնն է եղել Ռուսաստանից եւ Գերմանիայից զբոսաշրջիկների թվի կտրուկ անկման պատճառով: 2016-ի հունիսի 1-ից 16-ը հանգստավայր այցելած ռուսաստանցիների թիվը 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 98,5 տոկոսով եւ կազմել է 3,5 հազար մարդ: Անթալիայի հանդեպ գերմանացիների հետաքրքրությունը նույն ժամանակահատվածում նվազել է 45 տոկոսով, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Միաժամանակ Ուկրաինայից ցածր գներով ներգրավված զբոսաշրջիկների թիվն ավելացել է 100 տոկոսով, մինչեւ 42 հազար մարդ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զբոսաշրջիկների աղետալի նվազման հետեւանքով Թուրքիայում հյուրանոցները մեկ երրորդով էժանացել են: 2016-ի ապրիլին հանգստացողները 28 տոկոսով պակաս էին, քան անցյալ տարվա նույն ամսում: Հանգստացողների ընդհանուր թիվը կազմել է 1,75 մլն մարդ: Երկրի զբոսաշրջության նախարարության տվյալներով, դա 1999-ի մայիսից ի վեր ամենակտրուկ անկումն է:
Շուկայի կրճատման հետեւանքով թուրք հյուրանոցատերերը խնդրել են ուժեղացնել միջազգային զբոսաշրջային օպերատորներին աջակցության միջոցները: Մասնավորապես, Թուրքիայի Զբոսաշրջության նախարարությունը երկարաձգել է երկրի մի շարք օդանավակայաններում միջազգային չվերթների սուբսիդավորումը ապրիլ-մայիսից մինչեւ սեպտեմբեր: Այժմ աջակցության այդ միջոցը երկարաձգվել է ամբողջ բարձր սեզոնի համար: Ռուսաստանը 2015-ի նոյեմբերին Թուրքիայում կազմակերպված հանգստի վրա արգելք է մտցրել այն բանից հետո, երբ թուրքական ԶՕՈՒ-ն խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը, որը Սիրիայում ռազմական գործողության էր մասնակցում: Ապրիլի սկզբին Ռոստուրիզմի փոխնախագահ Ռոման Սկոռին հայտնել էր, որ այս տարի ռուս զբոսաշրջիկները չեն վերադառնա Թուրքիա եւ Եգիպտոս:
Եվրոպական երկրներից զբոսաշրջիկների թիվը կտրուկ կրճատվել է երկրում ահաբեկչական գործողությունների ալիքից հետո: Այսպես` հունվարին մահապարտ ահաբեկիչը ռումբ էր պայթեցրել` գերմանացի 12 զբոսաշրջիկի սպանելով: Մարտին իսրայելցի երեք զբոսաշրջիկ էր մահացել եւ Իրանից մեկ հանգստացող:
ԶԼՄ-ները գրում էին, որ զգալիորեն նվազել է Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից եւ ԱՄՆ-ից հանգստացողների թիվը, որոնց վանում է անվտանգության հետ կապված իրավիճակը: Միաժամանակ զբոսաշրջությունը Թուրքիայում մնում է պետական եկամտի կարեւոր աղբյուր: Այն ՀՆԱ-ի 6 տոկոսն է կազմում եւ աշխատատեղերով է ապահովում երկրի բնակիչների ավելի քան 8 տոկոսին: 2016-ին, տարբեր գնահատականներով, զբոսաշրջային հոսքը կարող է կրճատվել 5,3 - 7,6 մլն մարդով, ինչը 6,2-8,9 մլրդի վնաս կհասցնի:
Հիշեցնենք, որ թուրք որոշ փորձագետներ հաշվարկել են, որ 2016-ին զբոսաշրջությունից եկամուտները կկրճատվեն մեկ քառորդով: Սեկտորը կարող է 8 մլրդ կորցնել, դա երկրի ՀՆԱ-ի 1 տոկոսն է:




























