Հայաստանի ձեռնարկությունները աշխատում են փոքր հզորություններով, եւ հնարավոր չէ արտերկրի խոշոր ընկերությունների ու շուկաների հետ մեծաքանակ արտահանումների պայմանագրեր կնքել: Այս մասին, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը Մարտին Սարգսյանը:
Պալատից NEWS.am-ին հայտնում են, որ Մարտին Սարգսյանը ներկայացնելով նոր տնտեսահարաբերություններում համակարգի հրատապ անելիքները, մասնավորապես շեշտել է արտահանման առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի ձեռնարկությունները աշխատում են փոքր հզորություններով, եւ հնարավոր չէ արտերկրի խոշոր ընկերությունների ու շուկաների հետ մեծաքանակ արտահանումների պայմանագրեր կնքել։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ։
Մտահոգության վերաբերյալ նախարար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով տնտեսության զարգացման հայեցակարգային առաջնահերթությունները, հատկապես կարեւորել է նախաարտահանման եւ հետարտահանման ապահովագրության կատարելագործումը, փոքր բիզնեսի պաշտպանվածության գործոնը, արտահանման աջակցման գործիքակազմի կատարելագործումը, Տնտեսական պաշտպանության հանձնաժողովի եւ գործին առնչվող առանձին կառույցների ինքնավարացումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, արտերկրում ցուցահանդեսների ակտիվ մասնակցությունը եւ այլ խնդիրներ։
Իրատեսական եւ շահեկան քննարկումների ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար հանդիպել ամեն ամիս, համակարգել բոլոր կարեւոր դիտողություններն ու առաջարկությունները, նախապես ներկայացնել նախարարին, որպեսզի հաջորդ հանդիպմանը ամեն ինչ լինի կոնկրետ եւ հասցեական։





























