Հունիսի 20-ին մեր հասարակությունն ականատես եղավ հերթական «օպերացիային»` շինծու մեղադրանքով   ձերբակալվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհուրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Վերջին տասնամյակում Ժիրայր Սեֆիլյանը եղել է առաջամարտիկը վարչախմբի դեմ պայքարում, մասնավորապես` նա նախաձեռնել էր 2015 թվականին «100-ամյակն առանց հանցավոր ռեժիմի» շարժումը, ինչը ձախողվեց միայն նրան եւ ընկերներին մեկուսացնելու ճանապարհով:

2015թ դեկտեմբերին Ժիրայր Սեֆիլյանն ստանձնեց սահմանադրական հանրաքվեի դեմ պայքարի միասնական   ընդդիմադիր շտապի ղեկավարումը, որը Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր իր իշխանությունը երկարաձգելու համար:

Սէֆիլյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բացահայտեց եւ հանրությանն իրազեկեց Սերժ Սարգսյանի կեղծիքների ու անգործության մասին, մասնավորապես` թշնամուն հանձնած տարածքների մասով, պատերազմին ուժերը չմոբիլիզացնելու, ինչպես նաեւ հայ ժողովրդի թիկունքում հնարավոր գործարքների գնալու, ազատագրված 5 շրջանները հանձնելու մեջ:

Վարչախումբն ապրիլյան պատերազմից հետեւություն անելու, իրական պայքար տանելու կոռուպցիայի եւ ստվերի դեմ, բանակը ժամանակակից տեխնիկայով ու զինամթերքով զինելու հասարակական պահանջը բավարարելու փոխարեն, շարունակում է հին գործելաոճը` իրենց վերահսկողությունից դուրս գտնվող քաղաքական գործիչներին, այդ թվում` ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին եւ հրամանատարներին շինծու մեղադրանքով մեկուսացնել` համալրելով քաղբանտարկյալների շարքերը:

ԺՀԿ-ն դատապարտում է վարչախմբի հանցավոր գործելաոճը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության օրհասական ժամանակ երկրի ու ժողովրդի անվտանգությունը ամրապնդելու, հասարակությանը համախմբելու իրական քայլեր իրականացնելու փոխարեն զբաղված է ներքին ինտրիգներով` հասարակությունը պառակտելով երկարաձգում է սեփական իշխանությունը եւ թալանի շարունակումը»: