Ոչ ոք չգիտի, թե մայիսի 20-ին Երեւանում ինչ ավտովթար է տեղի ունեցել եւ ովքեր են ձերբակալվածները, կամ ինչ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանն այս գործի հետ: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից ենք իմացել այդ մասին, վստահ ենք, որ Ժիրայր Սեֆիլյանը որեւէ կապ չունի այդ գործի հետ, իրավական հիմք չկա Սեֆիլյանի ձերբակալության մեջ: Խուզարկության ժամանակ փաստաբանը ցանկանում էր մուտք գործել տուն, չեն թողել: Միայն այն, որ փաստաբանին չեն թողել մասնակցել խուզարկությանը, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Եթե այս գործը գնա ՄԻԵԴ, միանշանակ կշահենք, քանի որ իրավական հիմք չկա»,-ասաց նա:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը կարող է կապ ունենալ նրա՝ մայիսի 20-ին արած հայտարարության հետ. «Այդ օրը Ժիրայր Սեֆիլյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որ պատրաստ է կյանքը զոհել հանուն Արցախի Հանրապետության, մենք մտածում ենք, որ բնականաբար այդ հայտարարության հետ է կապվում նրա ձերբակալությունը»:
«Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանն էլ նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի տանը զենք որոնելու փոխարեն, իրավապահ մարմինները պետք է իրենց եւ «լիսկաների» (ըստ էության, նկատի ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին-խմբ) տներում որոնեին այդ զենքը. «Կալանավորված անձանց չենք ճանաչում, բացի այդ, փակ է պահվում այդ ինֆորմացիան: Ամեն դեպքում, մեր ակտիվիստներից այս ընթացքում ոչ ոք էլ չի կորել: Խորհուրդ կտամ, որ լիսկաների արսենալը գնան դատարկեն, կամ էլ որոնեն այն 200 միլիոն վարկի զենքը, որը կարծես ճանապարհին կորել է: Ժիրայր Սեֆիլյանին ազատելու առաջարկը համահայկական առաջադրանք է, երկու օրից ակցիաներ կսկսվեն նաեւ սփյուռքում, Հայաստանում»,-ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով:
«2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, վարորդն ու ուղեւորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղեւորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի նպատակով նա մի խումբ անձանց զենք եւ ռազմամթերք է ձեռք բերել, պահել ու փոխադրել:
2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:





























