Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 22-ին, սկսվեց միջադեպով: Դատարանը շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների, որոնք նախորդ դատական նիստերի ընթացքում «չէին ենթարկվել» դատարանիn եւ խոսել էին նիստերի դահլիճում, թույլ չտվեց ներկա գտնվել դատաքննությանը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ  քաղաքացիները այս պահին կանգնած են Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց եւ պահանջում են իրենց թույլ տալ մտնել դատարան:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին հարցաքննվելու են Ամանորի գիշերը Ազատության հրապարակում եղած ոստիկանները:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: