Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համագործակցության արդյունքում կնքված պայմանագրի շրջանակներում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շահագործման հանձնվեց դատապարտյալների համար նախատեսված մարզասրահը:

ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացմանը ներկա էին եւ ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը, պատվիրակ Լորանս Կուտյուր-Գանյոն, քրեակատարողական վարչության եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը:

Նույն օրը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւ բժիշկ-ակնաբույժ Արմեն Մանուկյանի կողմից նախապես կազմակերպված եւ իրականացրած, տեսողության խնդիրներ ունեցող, ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 70 անձանց տեսողության ստուգման արդյունքների հիման վրա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ` հիմնարկի սոցիալապես անապահով 23 ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրվեցին օպտիկական ակնոցներ: