«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին հունիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա հիշեցրել է, որ Սեֆիլյանին երեք անգամ ձերբակալել են՝ 2006-ին, 2015-ին ու հիմա, քանի որ այդ մարդը չի ուզում հաշտվել Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ, ինչպես մյուս քաղաքական գործիչներն են անում: «Սեֆիլյանի սկզբունքը քաղաքացիական անհնազանդությունն է, նա չէր ուզում դիմել զենքի: Ես զարմանում եմ, թե ինչու Հայաստանի քաղաքական ուժերը չեն միավորվում՝ Սեֆիլյանին ազատելու հարցում: Ես կարծում էի, թե ապրիլյան իրադարձություններից հետո երկրում իրավիճակը կփոխվի՝ այդ իրադարձություններից հետո Շանթ Հարությունյանը ու նրա ընկերները՝ Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը պետք է ազատ արձակվեին»,- նկատել է Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանը չի բացառում, որ Սեֆիլյանին ձերբակալել են, որովհետեւ նա դեմ է արտահայտվում ադրբեջանական կողմին որեւէ տարածք հանձնելուն: «Բայց եթե Սեֆիլյանը միակ մարդն է, ով կխանգարեր դրան, ուրեմն մեր ժողովուրդը կորցրել է իր իմունիտետը»,- հավելել է Իշխանյանը:
Ժիրայր Սեֆիլյանին հունիսի 22-ին մեղադրանք է աառաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասով:





























