Անկարայի ու Երուսաղեմի ներկայացուցիչների միջեւ բանակցությունները շարունակվում են ու դրանց ելքը Իսրայելից է կախված: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն:

«Իսրայելի հետ մեր բանակցությունները շարունակվում են: Մեր պայմանները շատ պարզ են: Իսրայելական կողմի հետ մեր հաջորդ հանդիպման ժամանակ համաձայնության գալը պայմանավորված է իսրայելական դիրքորոշումով»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում Կիպրոսի թուրքական մասի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը այսպես արձագանքել է Hurriyet թերթի հրապարակմանը, որտեղ ասվում է, որ հունիսի 26-ին երկու երկրների ներկայացուցիչները կհայտարարեն կարգավորման մասին համաձայնության հասնելու մասին: Թերթը նաեւ գրել էր, որ Գազայի համար ապրանքներ տանող թուրքական նավերը մտնելու են Աշդոդ նավահանգիստ: Սա ըստ երեւույթին նշանակում է, որ Իսրայելը չի համաձայնել Անկարայի գլխավոր պահանջին՝ Գազայի շրջափակումը վերացնելուն: Թերթը սակայն ոչինչ չէր հայտնել Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի գործունեության վերաբերյալ Իսրայելի պահանջի մասին:

Այս հարցը պարզաբանել է նախարարը: Նա ասել է որ ՀԱՄԱՍ-ի հետ Թուրքիայի կապերը ոչ մեկի համար գաղտնիք չեն, իսկ այդ շփումների ճակատագիրը Իսրայելի հետ բանակցություններում որպես պայման չի առաջադրվել:

Չնայած Իսրայելի պաշտոնատար դեմքերը, այդ թվում Մոշե Յաալոնը, լինելով պաշտպանության նախարար, բազմիցս շեշտել է, որ այդ պայմանը առաջադրվել է:

Չավուշօղլուն նաեւ հավելել է, որ Անկարան Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ մշտական խաղաղության ապահովումն անհնար է համարում առանց ՀԱՄԱՍ-ի մասնակցության, հայտնում է Israelinfo-ն: