ՀՀ Վարչական դատարանում, հունիսի 21-ին, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվել է ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին եւ ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանն ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, նախորդ դատական նիստը հետաձգվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցչի՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու կամ գործի վարույթը կարճելու միջնորդությունները քննարկելու անհրաժեշտությամբ:
Դատական նիստին մասնակցում էին հայցվոր եւ հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու պատասխանող եւ հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը:
Դատարանը, առանձին քննարկելով Գ. Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունները, գտավ, որ առկա չեն դրանք բավարարելու հիմքեր, եւ որոշեց մերժել ներկայացված միջնորդությունները:
Այնուհետեւ Դատարանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտման փուլին, որի ընթացքում հետազոտվեցին ինչպես՝ հայցվոր, այնպես էլ հակընդդեմ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները, կողմերի պահանջով հրապարակվեցին դրանց անհրաժեշտ հատվածները:





























