Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 22-ին, շարունակվեց  Ազատության հրապարակում եղած ոստիկաններից Վարդան Ապրեսյանի հարցաքննությունը: Պաշտպանական կողմի հարցերին վկան հիմնականում պատասխանում էր` «չեմ հիշում» կամ «կոնկրետ չեմ հիշում», որն էլ դատական նիստերի դահլիճում գտնվողների մոտ դժգոհություն առաջացրեց: Ներկաները դատարանին խորհուրդ տվեցին այնպիսի վկա կանչել, որը «հիշողության հետ խնդիրներ չի ունենա»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի հարցերին պատասխանելով` վկան պատմեց, որ Գեղամ Խաչատրյանին հարվածելուց հետո Գեւորգ Սաֆարյանը փախել է, ինքն ու մյուս ոստիկանները Գեղամ Խաչատրյանին գետնից բարձրացնելուց հետո, վազել են Գեւորգ Սաֆարյանի հետեւից, սակայն, Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում ասել է, որ ինքնուրյուն է բարձրացել, իսկ վկան ասում է` օգնել են, որ բարձրանա: Վկան նշեց, որ Ամանորի գիշերը ոստիկաններին եւ քաղաքացիներին  փորձել են բաժանել Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիներն ու ոստիկանները, որպեսզի բախում չլինի, Տիգրան Հայրապետյանն էլ նկատեց. «Քո ասելուց հասկանում ենք, որ ուրեմն ոստիկաններն են հարձակվել քաղաքացիների վրա եւ իրավախախտողները ոստիկաններն են եղել, այդ պատճառով էլ քաղաքացիները եւ մյուս ոստիկանները փորձել են միջադեպի մասնակից ոստիկաններին հեռացնել` բախումը չշարունակվելու համար»:

Շուրջ երկու ժամից ավելի վկային հարցաքննելուց հետո, Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ վկայի ցուցմունքները արժանահավատ չեն, բացի այդ հակասություններ կան նախաքննության ընթացքում եւ դատաքննույթան ընթացքում տրված ցուցմունքներում. «Իմ հարցերին ընդհանրապես չի պատասխանում, հնչում են այնպիսի պատասխաններ, որոնք ընհնարապես կապ չունեն իմ հարցերի հետ: Հակասություններ կան նաեւ նախորդ դատական նիստին եւ այսօրվա նիստին հնչեցրած պատասխանների միջեւ, նա նախաքննական ցուցմունքի»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հրապարակեց վկա Վարդան Ապրեսյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը` մանրամասն ներկայացնելով վկայի դատաքննության եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների հակասությունները, մասնավորապես` Ամանորի գիշերը տեղի ունեցած բախումների ժամանակ քաղաքացիներին ու ոստիկաններին  հասցված հարվածների վերաբերյալ եւ Ազատության հրապարակ արգելված իրեր բերելու մասով:

Բացի այդ, փաստաբանը նշեց, որ գործի նյութերից, պարզ է դառնում, որ վկան միաժամանակ մասնակցել է երկու հարցաքննությունների` մի դեպքում նշված է, որ 15:30-ին է ավարտվել հարցաքննությունը, մյուս դեպքում էլ նշված է, որ վկան նույն օրը 15:25 մասնակցել է մեկ այլ հարցաքննության. «Ըստ գործի նյութերի, պարզվում է, որ վկան համագործակցել է քննիչների հետ եւ նախապես մշակված սցենարով միաժամանակ հարցաքննություն է տվել երկու մարմինների»:

Նշենք, որ դատական նիստին այսօր ներկա չէր տուժող  Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին, ժամը 12-ին:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: