Էլեկտրաէներգիայի սակագնի՝ 2.58 դրամով նվազեցումը վերջին սահմանն է, դրանից ավելի հնարավոր չէր նվազեցնել: Այս մասին այսօր` հունիսի 23-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Մենք բավականաչափ լուրջ քննարկումներ ենք արել եւ հասարակական սեկտորի հետ, եւ առանձին ցանկացողների հետ: Եթե մի փոքրիկ հնարավորություն լիներ ավելի շատ նվազեցնելու՝ մենք կգնայինք այդ քայլին: Սա նվազեցման վերջին սահմանն է, մեր աշխատակազմի հաշվարկները դա են ցույց տվել»,-ասաց նա:
Նշենք, որ վաղը՝ հունիսի 24-ին ՀԾԿՀ-ն քննարկելու է էլեկտրաէներգիայի սակագնի նվազման հարցը եւ ըստ նախնական տեղեկությունները, սակագինը օգոստոսի 1-ից կնվազի 5,9 տոկոսով կամ 2,58 դրամով: Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն առաջարկում է տնային տնտեսությունների համար կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48,78 դրամից նվազեցնել մինչեւ 46,20 դրամ (ցերեկային) եւ 38,78-ից մինչեւ 36,20 դրամ` գիշերային:
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 1-ից նվազելու է գազի սակագինը: 1 խորանարդ մետրի դիմաց նախկին 156 դրամի փոխարեն բնակչությունը վճարելու է 146.7 դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 30 ցենտ): Բաժանորդները, որոնք ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ են օգտագործում ( այսինքն հիմնականում ձեռնարկությունները) հազար խորանարդ մետրի դիմաց վճարելու են 257.56 դոլար ( դրամական համարժեքով) նախկին 276.98 –ի փոխարեն (սակագները ներառում են նաեւ ԱԱՀ-ն):





























