Լույս է տեսել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի «Զամբո» գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը 18-ին ՆՓԱԿ-ում:
Գրքում ներառնված են հեղինակի 30 պատմություն եւ «Քյապի Դամեն» վիպակը: Հրավիրված են գրողներ, արվեստի, մշակույթի գործիչներ, լրագրողներ: Ընթերցասեր հետաքրքրված հասարակության մուտքն ազատ է: «Զամբոն» հեղինակի արձակ գործերի առաջին ժողովածուն է: Գրքի նկարազարդումները եւ շապիկի ձեւավորումը հեղինակինն են:
«Ես անարդար բան եմ համարում անձնական զգացողությունները կամ դիպվածները վերագրել այլ անձանց եւ երրորդ դեմքից գրել այդ պատմությունները կամ վեպերը: 15-20 տարի առաջ ես էլ էի այդպես գրում, ինձ պատահած շատ բաներ գրել եմ երրորդ դեմքից: Հետո համոզվեցի, որ ոչ մի անարդար կամ ամոթալի բան չկա, եթե պատմությունները շարադրվեն առաջին դեմքով, ճշմարիտ է, ոմանք կարող են դա մեծամտություն, եսակենտրոնություն կամ պարծենկոտություն համարել, սակայն, դա մանրուք է, համարում եմ, որ, եթե մարդն իր կյանքից բան ունի պատմելու, պիտի պատմի այնպես, ինչպես կա, այն բառերով, որոնք գալիս են լեզվին, այն ջանքով եւ զգացմունքայնությամբ, ինչն ազատորեն զգում եւ ապրում է, առանց շպարի եւ դեկորի: Հասա այնտեղ, որ անձնական պատմությունները երրորդ դեմքով պատմելը կեղծավորություն համարեցի: Այս գրքում պատմությունները հեշտությամբ կարող էի գրել երրորդ դեմքով, միջին դասական պատմվածքի ֆորմատով, բայց քանի որ դրանք իմ անձնական փորձն էին, իմ անձնական պատմությունները ու զգացողությունները, համարեցի, որ շատ ավելի ազնիվ կլինեմ ընթերցողների առաջ, եթե շարադրեմ հենց այնպես, ինչպես եղել է, իհարկե սիմվոլիզմը, զանգվածեղ փոխաբերությունները, ժամանակի եւ տարածության խզումները կամ սիթեզը ներառյալ: Սրանք հենց նրանք են, որոնք խառնածին եմ համարում՝ սամբո, կամ զամբո, դրանցում անձնական դիպվածները ձուլված են չափավոր հորինվածքի հետ, դրանք իրարից զատելիս ուղղակի սատկում են»,- բացատրում է հեղինակը:
Հեղինակը Գյումրիի ավագանու անդամ է, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահն է, ապրում է Գյումրիում:
Հունիսի 27-ից գիրքը կլինի գրախանութներում:





























