Իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ քանի որ չենք կարողանալու դրսից փող բերել եւ պետք է վերադարձնենք արդեն վերցրածները, եկեք որքան հնարավոր է շատ հարկ հավաքենք, որպեսզի կարողանանք ապահովել կայուն աճ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ անդրադառնալով հունիսի 15-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային նոր օրենսգրքին:
Նրա խոսքով, մեր օրերում պետությունը հանդես չի գալիս որպես տնտեսվարող սուբյեկտ, այլ կարգավորող դեր ունի, ինչն իրականացնում է դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների միջոցով:
«Մաքսային համակարգը տվել ենք ԵՏՄ-ին, մնում է հարկային քաղաքականությունը որպես գործիք: Սա շատ լուրջ զենք է եւ ամենամեծ մտահոգությունն այն է, որ պետք է իմանաս, թե այդ զենքն ինչ ազդեցություն է ունենալու»,-ասաց Ջրբաշյանը՝ հավելելով, որ հարկային օրենսգրքի ազդեցության գնահատումն արված չէ:
«Մեր երկրում բյուջետային ծախսերը ունեն լուրջ դերակատարում: Հայաստանում տնտեսական զարգացումը խթանողը եղել են բյուջետային ծախսերը: Հայաստանը բարենպաստ չէ մասնավոր ներդրումների, մասնավոր ծախսումների տեսակետից:
Տնտեսվարող սուբյեկտների միջոցով տնտեսական աճ ապոհովելու հնարավորությունները սահմանափակ են: Այդ պայմաններում, միտք է առաջարկվում, որ եթե կա բյուջե, որը լցվում է, բյուջետային ծախսերը արվում են, որոնք ունեն մուլտիպլիկատիվ էֆեկտ, ենթադրում են կայուն տնտեսական աճ: Այս տրամաբանական շղթայի մեջ ես լուրջ թերություն եմ տեսնում»,-ընդգծեց տնտեսագետը:
Նրա խոսքով, այո վերջին տարիներին զարգացել ենք պետության ծախսերի արդյունքում, բայց դա չի նշանակում, որ այդպես էլ պետք է զարգանանք. «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք միտված ենք եղել այդ մոդելն ապահովել արտաքին պարտքի ավելացմամբ: Բերել ենք փող, ծախս ենք արել, դա բերել է մուլտիպլիկատիվ էֆեկտի եւ անկում չենք ունեցել: Ես չեմ կարող ընդունել, որ այդ մոդելն ունի կայուն ապագա:
Ասում են, քանի որ չենք կարողանալու դրսից փող բերել եւ պետք է վերադարձնենք պարտքերը, եկեք որքան հնարավոր է շատ հարկ հավաքենք, որպեսզի կարողանանք ապահովել այդ մոդելի շարունակականությունը եւ կայուն աճ ապահովենք»:



























