Թուրքիայի մի խումբ հայեր բողոքի ակցիա են կազմակերպել ՝ պահանջելով, որ իրենց իրավունք տրամադրվի փոխել Թուրքիայի հայ պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին:

Նրանք սեւ ծաղկեպսակ են դրել Հայկական պատրիարքարանի առջեւ՝ բողոքելով, որ իրենց իրավունք չեն տալիս փոխել գործող Արքեպիսկոպոսին, հաղորդում է Hurriyet Daily News–ը:

«Ութ տարի է տարբեր պատճառաբանություններով մեզ թույլ չեն տալիս ընտրել մեր պատրիարքին»,- խմբի անունից ասում է գրող Ժակլին Քելիկը:

Քելիկը հավելել է, որ հայերը ուզում են բացառել հետագա միջամտությունները իրենց կրոնաական ազատություններին:

Հայկական համայնքի ներկայացուցիչ Թաթյոս Բեբեքը կոչ է արել կառավարությանը իրականացնել «իր խոստումները»՝ թույլատրելով ընտրել պատրիարքին:

«Պետությունը ստեղծել է այս կոչումը ու նշանակել մեկին, ով հարմար է իրեն: Բայց  մեր պատրիարքին մե՛նք ենք ուզում ընտրել: Եվ մենք ուզում ենք, որ պետությունը կատարի իր խոստումը»,- ասել է Բեբեքը «Անադոլու» գործակալությանը: