«Նաիրիտի»  վերագործարկման պահանջով այսօր՝ հունիսի 23-ին, նաիրիտցիների բողոքի ակցիան Բաղրամյան 26-ի դիմաց ավարտվեց:

NEWS.am-ի լրագրողն հաղորդում է, որ նաիրիտցիները նախագահականի դիմաց կարդացել են  իրենց բաց նամակը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, որով նախագահին խնդրել են ականջալուր լինել իրենց խնդրին եւ աջակցել իրենց «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցում:

«Խնդրում ենք ականջալուր լինել մեր խնդրանքին, իսկ մեր կողմից խոստանում ենք կատարել ՀՀ քաղաքացու մեր պարտքը՝ պայքարել այնքան, մինչեւ «Նաիրիտ»-ը կվերագործարկվի»,-ասված էր նամակում:

Նշենք նաեւ, որ «Նաիրիտի» աշխատակիցների խոսքով, «Նաիրիտ» ՓԲԸ-ի եւ նախկին աշխատակիցների միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի ընկերության աշխատակիցներին պարտադրվել է այդ պայմանագիրը ստորագրել, հակառակ դեպքում՝ իրենք չեն ստանա իրենց աշխատավարձերը:

Այժմ նախկին աշխատակիցները պահանջում են նաեւ կուտակված տոկոսները: «Մենք գլխավոր դատախազից պահանջում ենք քրգործ հարուցել «Նաիրիտի» տնօրինության դեմ եւ անվավեր ճանաչել այն պայմանագիրը, որը մենք ստիպված ենք եղել կնքել մեր աշխատավարձն ստանալուց առաջ»,-նշել են նրանք: